Posted by: Gayane Martirosyan on: 21/11/2008
ՋՈՒՆԳԼԻՆԵՐՈՒՄ ԿԱՆՉՈՂԻ ՁԱՅՆԸ
Քաղաքակրթության զարգացման ներկա փուլում առավել դժվար ու կամքի
գերագույն լարում պահանջող է դարձել սեփական դիմագիծը պահպանելը: Հայության համար այդ դժվարությունը միշտ է եղել: Լինելով ՙփոքր ածու՚ª հայ էությունը մշտապես զարգացել է տարբեր ազդեցությունների ներքոª այդպես էլ չստեղծելով սեփական քաղաքակրթություն: Իսկ սեփական քաղաքակրթություն ստեղծած ազգերի վարդապետությունները, սկսած հնդիրանականությունից, հելլենիզմից ու քրիստոնեությունից մինչեւ Չինգիզխան, կոմունիզմ ու ատլանտիզմ, մշտապես ձգտել են Նոր աշխարհակարգի: Հավերժական այդ մղումը վախճան չունի:
Համաշխարհային բախումներում ՙփոքր ածուների՚ ինքնապահպանումը ոչ թե խրամատավորումն ու հակամարտող բանակներից որեւէ մեկի կողմում ինքնամոռաց կռվելը կամ ինքնամեկուսացումն ու ազգ-պարտիզանական ջոկատ դառնալով աշխարհին տոտալ պատերազմ հայտարարելն է, այլ աշխարհի հետ եւ աշխարհի առջեւ համընթաց բացվելը, այնքան տարբեր ու այնքան նույնական մարդկության մի հարազատ մասնիկը դառնալը. ա°յս ճանապարհով է, որ հնարավոր է պահպանել այն, ինչ էությունն է ու նվիրականը:
Պահպանման այդ բնազդն ու գիտակցումըª պահպանողականությունը, մերժում է ցանկացած հեղափոխություն ու հեղափոխականություն. լինի դա սոցիալիստական թե լիբերալ, սոցիալական թե գաղափարախոսական: Հեղափոխությանը, սակայն, հակադրում է Ճանաչողությունըª դրանից բխող հետեւանքներով: Ճանաչել եւ° այս հանճարեղ մարդուª Մարկոսի գաղափարի էությունը, եւ° այն բանի էությունը, ինչի դեմ նա պայքարում է. ճանաչել, որպեսզի հերթական անգամ հայը ՙչթքի քամուն ընդդեմ՚, ճանաչել, որ զգուշորեն շրջանցվի դրանց միջի խորթն ու վտանգավորը, որ գտնվի եւ ապահովվի համակեցության բանաձեւը: Ահա այսքանով արդեն բավականին շահեկան է դառնում Սուբկոմանդանտե Մարկոսի այս գործին ծանոթանալը:
Համաշխարհային գլոբալիզացիան ո°չ կոնկրետ մեր դեմ է, ո°չ կոնկրետ մեր օգտին: Եթե անգամ կա գրքույկում բերվածի վտանգը, եթե անգամ կա հենց բերող հեղինակի վտանգը, ապա դա հայի, առավել եւս Հայաստանի պետության քաղաքացու լուծելիք խնդիրը չէ: Մերª որպես ուրույն հանրույթի խնդիրը մեկն էª ինչպե±ս անկորուստ մարսել համաշխարհային քաղաքակրթական պայքարի հերթական փոթորիկը, ինչպե±ս ապահովել հայի տեղն ու գույնը իրարամերժ ու հակասական ժամանակակից աշխարհում:
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
ԹԱՐԳՄԱՆՉԻ ԿՈՂՄԻՑ
20-րդ դարի երկրորդ կեսի հեղափոխական ռոմանտիզմի հայրենիքը Լատինական Ամերիկան է (Չե Գեվարա, Ֆիդել Կաստրո եւ այլոք): Նրանք էին 50-80-ական թթ. ոգեշնչում հեղափոխականներին եւ ձախ ահաբեկիչներին երկրագնդի չորս ծագերում: 90-ականները փակելու եկան հեղափոխական ռոմանտիզմի այդ էջը: Ու հիմա, ռոմանտիկ հեղափոխականներ մնացել են միայն Կոլումբիայում, ուր երբեմն ավազակությամբ, երբեմնª թմրանյութերի առեւտրով են զբաղվում ու այլեւս լրջորեն իշխանության չեն հավակնում:
Թերեւս միակ բացառությունը Մեքսիկայի հարավում գործող Սապատիստական Ազգային-Ազատագրական Բանակն է (ՍԱԱԲ), որը 1994թ. ներխուժեց Չյապաս նահանգ: Նրանց առաջնորդում է Սուբկոմանդանտե Մարկոսըª ժամանակակից աշխարհի ամենաինքնատիպ ու յուրօրինակ դեմքերից մեկը: Նա ռուս աբսուրդիստ Դանիել Խարմսի ոճով գեղարվեստական արձակ է գրում. նրա կերպարն ու հանդերձանքը նույնքան տարօրինակ են, որքան իր արձակը: Մարկոսը ջունգլիների խորքից ինտերնետի միջոցով միջազգային փիլիսոփայական սեմինարներ է կազմակերպում, որոնք նա ՙմիջգալակտիկական՚ է որակում: Նրան տեսնելու եւ լսելու են գալիս ինչպես կիսագրագետ հնդկացի գյուղացիները, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող ինտելեկտուալները: Հատկանշական է նրա տված հարցազրույցը Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսին: Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե նա ինքն իրեն է հեգնում:
Մարկոսի քաղաքական գործունեության մաս է կազմում իր պահանջների վրաª բռնարարքների միջոցով համաշխարհային հանրության ուշադրության հրավիրումը: Ի տարբերություն ֆունդամենտալիստական, կրոնական ու ազգայնամոլ ահաբեկիչներիª պոստմոդեռնիստական տարազով այդ ՙահաբեկչի՚ ծավալած գործողությունները եւս շատ խորհրդանշական են. նրա ղեկավարած ջոկատները հաճախ խուսափում են իսկական մարտերիցª գերադասելով բանակցությունները: Իսկ 4 տարի առաջ, Մեքսիկայում 70 տարի իշխող եւ Մարկոսի կողմից չարիք որակված Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցությանª ընտրություններում կրած պարտությունից հետո նրա գլխավորած բանակն իր հիմնական հենակետ Լականդոնյան անտառից հրապարակեց դարձյալ չափազանց ինքնատիպ մի տեսակետ, որն արժանացավ գրեթե միջազգային քննարկման:
Բազմամիլիոն ցուցարարների ջերմագույն ընդունելությանն արժանացած Սապատիստների ու նրանց առաջնորդի էջքը Մեքսիակայի մայրաքաղաք եւ համաշխարհային ակնդետ ուշադրությունն իր վրա բեւեռած հրապարակային ելույթները եղան 2001-ի գարնանը, երբ հայտարարեց. ՙՄենք թույլ չենք տա Մեքսիկան դարձնել հսկա ունիվերմագ, ուր մարդկային կյանքերն ու երկրի բնական պաշարները հանվելու են առքուվաճառքիª որպես շուկայի պահանջ՚:
Սուբկոմանդանտե Մարկոսը եւ նրա գլխավորած ՍԱԱԲ-ն համարվում են ժամանակակից հակագլոբալիզացիոն շարժման գաղափարախոսական ու պրակտիկ առաջամարտիկներից: Չի բացառվում, որ Մարկոսի այս գործում գույները բավականին խտացված լինեն:
ՎԱՐԴԱՆ ՋԱԼՈՅԱՆ