ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՋԱՀԱԿԻՐՆԵՐ

Համաներման խնդրագիր

Posted by: Gayane Martirosyan on: 17/01/2009

Ընդհատակից` ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

ՀՀ Նախագահի պաշտոնը պարոն զբաղեցնող, շնորհավոր Նոր տարի: Դուք ասել էիք, որ ներել թե համաներել հնարավոր է խնդրագրերի դեպքում: Այժմ, խնդրեմ, սա համարեք եւ° խնդրագիր, եւ° ապաշխարանք:

1998-ին ես իմ քվեն տվել եմ պրն Քոչարյանին (այսուհետ` արյուներախ). ընդունում եմ մեղքս եւ ներում հայցում: Որպես մեղմացուցիչ դեպք հանցանաց` հայտնում եմ, որ քվեարկել եմ ոչ թե իրեն վստահելով, այլ լուսահոգի Վազգեն Սարգսյանի վստահությանը վստահելով, իսկ նա 1999-ի հոկտեմբերի 27-ին գնաց` իր հետ տանելով քաղաքացուս ձայնը: Լինելով պահպանողական` կարծել եմ, որ պետք չեն արտահերթ ընտրություններ, որպեսզի Հայաստանում արմատավորվի իշխանության բնականոն հաջորդականության ավանդույթ: Սխալվել եմ եւ ներում եմ հայցում:

Երբ հոկտեմբերի 27-ից հետո Դուք հրաժարական չտվեցիք, ինչը բնական կլիներ ցանկացած նորմալ երկրում, ես, որպես քաղաքացի, դա առաջին հերթին վերագրեցի համապետական աղետի արդյունք մթնոլորտին եւ դժվարությամբ, բայց ըմբռնումով մոտեցա, ինչի համար ներում եմ հայցում:

Երկար ժամանակ անձամբ Ձեզ համարել եմ ադեկվատ եւ երախտագետ անհատ: Վերջինը պահպանվել է մինչեւ այն պահը, երբ ցրտին եւ անձրեւին արյուներախի նստավայրի դիմաց օրերով կանգնեց Վազգեն Սարգսյանի մայրը, եւ ո°չ արյուներախը (ինչը բնական էր), ո°չ Դուք (ինչը շանթահարիչ էր) չբարեհաճեցիք գնալ նրա մոտ, համբուրել ձեռքը, որդիաբար հուսադրել, թեկուզ համոզելով-խաբելով տուն ուղարկել: Այդ ժամանակ ես հիշեցի Թումանյանի ՙՄայրը՚ փոքրիկ գործը, ուր մե°ր Թումանյանը (ո°չ 2008-ի պալատական ողորմելիների) մինչեւ Հոգու խորքը զգացել էր անգամ թռչնի մորը: (Իսկ միամիտ Սարգիս Հացպանյանը մոր ձեռքից կերած հացի մասին է խոսում:) Նախնական ռոմանտիզմիս համար ներում եմ հայցում:

Երբ Սահմանադրության նորովի էր կեղծվում, ես դեմ էի` այնտեղ ամրագրվող երկքաղաքացիության պատճառով: Դրա համար եւս ներում եմ հայցում, քանի որ գլխի չէի ընկել, որ երկքաղաքացիություն ասելով` երկգեղցիությունն էր նկատի առնվում. իսկ դա ամենեւին վտանգավոր չէ, վկա մեր ԱԺ-ն:

Ներում եմ հայցում այն բանի համար, որ շատ լավ հիշելով ՙԱրմենիկումի՚ մասին Ձեր հեռուստաելույթը` դեկտեմբերի 31-ի կեսգիշերին խնդրեցի հեռուստաալիքը շրջել, որպեսզի Դուք հնարավորություն չունենաք հերթական լապշան կախելու ներկաների ականջներից. մեր ականջներն ականջօղերի համար չեն` ի տարբերություն նրանց, ում ներկայությամբ եվրոպաշտոնյան հայտարարեց, թե Ղարաբաղի հարցը սեռական փոքրամասնությունների հարցի պես բան է իր համար:

Սակայն մեծագույն մեղքս երեւի այն է, որ արյուներախի խրախճանքի օրը չկայի աննկուն հեղափոխական Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ, երբ ամբողջ ազգուտակս այնտեղ էր: Քանի որ սա կլինի ցուցմունք ինքս իմ դեմ, ուստի օգտվում եմ լռելու իրավունքից: Սակայն դեմ չեմ արագացված կարգով առերեսվել մի քանի հրված, քաշքշված, բրթված, քսված, անիրավված երկմետրանոց սափրագլխի հետ եւ ընդունել մեղքս:

Երբ հանեցիք մեր Թումանյանի եւ Սպենդիարյանի արձանները` Երվանդ Կոտակի ՙստայանկան՚ կառուցելու համար, ես` մեղավորս, շատ վատ մտածեցի Ձեր մասին, սակայն հիմա հասկանում եմ, որ դա արեցիք հենց մեր` երեւանցիներիս անվտանգության նկատառումով, քանի որ Ձեր ազգականներից ոմանք հենց արձան են տեսնում` խլշկոտում են եւ նրա մոտ որեւէ մեկի աչքը հանում: Ակնաբույժների այդ խորհուրդը տարածեք մեր բոլոր արձանների վրա, որոնց տեղում մեծ, շատ մեծ ավտոկայանատեղիներ պետք է կառուցել: Այնքան մեծ, որ առնվազն ՊԱԶ մակնիշը տեղավորվի` լեգենդար վարորդի հետ միասին:

Սկզբում վատ նայեցի, երբ նշանակեցիք Էդվարդ Նալբանդյարովին, ինչի համար ներում եմ հայցում: Հիմա ուղղվել եմ եւ հասկանում եմ, որ հայերենի ջատագով լինելով` միայն այդպես կարող եք վրեժ լուծել նախկին արտգործնախարարից, ով պատեհ-անպատեհ աղավաղում էր մեր գեղեցիկ լեզուն: Միայն Ձեր նշանակածը կարող է նույն անմեղսունակությամբ աղավաղել եւ ՙԶիբիլիթաս՚ արտասանել իր նախորդի հիմնածը` առանց որոշակիացնելու, թե այդ թասն օրվա որ ժամին է օգտագործելի:

Երբ առաջին անգամ լսեցի, որ ինչ-որ միջոցառման ժամանակ Ձեր կողքին է հայտնվել արյուներախը, Ձեր մասին մտածեցի այն, ինչ ամբողջ հայ ժողովուրդը, սակայն այժմ ներում եմ հայցում, քանի որ արդեն հասկացա, որ Դուք պրոֆեսիոնալ կառավարման կողմնակից եք. ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի. բա էլ ու±մ վստահեիք ժապավեն կտրելը, երբ դրա պրոֆեսիոնալ մանյակն արյուներախն է:

Կարդացի, որ իբր արյուներախն ուզում է վերադառնալ, եւ շատ ուրախացա: Ներողություն եմ խնդրում ուրախությանս համար, քանի որ կարծել էի, թե վերադառնալ նշանակում է ետ գնալ այն տեղը, որտեղից եկել է (Դաշբուլաղ կամ որեւէ տուռնիկի վրա), սակայն պարզվեց, որ վերադառնալն այս ամիսներին ինձ անհայտ նոր իմաստ է ձեռք բերել, որ չկա մեր բառարաններում:

Երբ Դուք հարկատուներիս միջոցներով բնակատեղի ապահովեցիք արյուներախի համար, ես հայհոյեցի, ինչի համար ներում եմ հայցում: Ես սխալվել էի, քանի որ նախ` հայհոյելը վատ բան է, երկրորդ` իմ ի±նչ գործն է, եթե ես այլեւս հարկատու չեմ, քանի որ չեմ աշխատում եւ աշխատավարձ չեմ ստանում, երրորդ` բա հո իր ծննդավայր չէի±ք ուղարկելու դրան: Բա որ մարդ ուտելը հանկարծ այնտեղ էլ շարունակե±ր. իսկ ինչպես գիտենք, վերջին 10 տարում առանց այդ էլ նվազել է այդ տարածքների բնակչությունը: Եվ հետո. այդ հեռավոր գյուղում ինչպե±ս էր նա կարողանալու ամեն կեսգիշեր Մարկոս Ալիմյանի նման իջնել նկուղ, բացել սնդուկը, միջից հանել այն տրեխները, որոնցով առաջին անգամ իրեն տարան Բաքու` սառույց տեսնելու, այն վերնաշապիկը, որը հագին բերեցին Երեւան եւ որով խոստովանեց իր ՙալբանացի՚ լինելը, ինչպես նաեւ ծծովի կոնֆետի մի քանի հնամաշ թղթերը, զանազան բնակավայրերից տեղեկանքները, Բաքվի ՎՊՇ-ի մեկ-երկու սեւ-սպիտակ լուսանկարը` ՙՇիրակո շագայետ Ազերբայջան՚ պաստառի ֆոնին, համբուրել դրանք եւ տեղը դնել: Նրան չէին թողնի տեղը դնել, անմիջապես կգողանային երջանկության այդ աչառնին. հիմա բոլորն են ուզում երջանիկ լինել:

Ահավոր վրդովվել էի, երբ Դուք Մոսկվայում սկսեցիք Ձեր ֆուտբոլային տոմսավաճառությունը: Բայց այժմ գործուն զղջմամբ ներում եմ հայցում: Դուք, ինչպես վաղուց նշել էիք մի առիթով, հայերի մենթալիտետն եք հաշվի առել. հայրենի վերնախավի չափորոշիչը թուրքն է, առանց թուրքի յոլա գնալ չի կարողանում: Երբ եվրոպացիք մեզ ասում են, թե Հայաստանում մարդու իրավունքների, դատավարությունների եւ նման բաների վիճակը վատ է, մերոնք ճղավում են, թե թուրքերի եւ թորքերի մոտ ավելի վատ է: Ինչ արած, տանը թուրքից վեր բան չեն տեսել, ուստի համեմատության միակ եզրն էլ թուրքն է: Եվ դուք ասացիք` առեք ձեզ թուրքը, եթե այդքան շատ եք ուզում, եւ համեմատվեք սրտներիդ ուզածի չափ: Նախագահական ընտրություններից առաջ ամբողջ իշխանական լրատվական միջավայրը ողողված էր թուրքերից մեջբերումներով, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը կիրթ մարդ է, ուստի` իրենց համար նախընտրելի: Իսկ մենք թուրքի հերն անիծեցինք` ասելով` առը հա ձեզ կիրթ մարդ, ձեզ կիրթ մարդ չի հասնում: Իսկ պատմաբանների հանձնաժողով կազմելը, որ սկզբում ինձ խոցել էր, պարզվում է` գտնված քայլ է: Մեր տուտուցները գլխի չեն ընկել, որ այդ հանձնաժողովը Դուք ուզում էիք` պարզելու համար, թե նախ` Գյուլի մայրը հայ չէ±, եւ երկրորդ` Լեւոն Տեր-Պետրոսյանի± անունն է ավելի շատ հիշատակվել իրենց թերթերում, թե± Ձերը: Այնպես, որ ինպես միշտ ես հանցավոր էի եւ ներում եմ հայցում:

Նույն մենթալիտետի շրջանակում, տարիներ առաջ, չեմ հիշում` Վանո Սիրադեղյանն էր թե Ավետիս Հարությունյանը, անիծեց, թե` թուրքի բալեն մնա Գեղամյանի հույսին: Անեծքն, անշուշտ, քաղաքական կատեգորիա չէ, սակայն արի ու տես, որ անեծքը բռնեց: Պետք է զգոն լինել: Իսկ որ ավելի լավ է` պետք է Հայաստան հրավիրել անեծքի հեղինակին եւ այլ անեծքներ պատվիրել, թե չէ ստիպված մնալու եք մարդկանց ծեծելու, քացի տալու, խայտառակ դատավարություններ անելու հույսին, որ ծակ թմբուկից ամենեւին էլ նախընտրելի չէ: Ներում եմ հայցում այն մեղքիս համար, որ այդ անեծքը համարել էի ապազգային, քանի որ մեզ ի±նչ, թե թուրքի բալեն ում հույսին կմնա, կարեւորն այն է, որ մենք չմնանք թուրքի բալի հույսին: Անեծքը երկու բերան ունի, այսինքն` երկսայրի է:

Մտածում էի, որ Դուք անարդար բան արեցիք, երբ բարձրացրեցիք հասարակության մեջ նողկանք վայելող դատավորների աշխատավարձը: Մինչդեռ հիմա ներում եմ հայցում, որ չէի կռահել Ձեր խորաթափանց հեռատեսությունը: Շուտով դրանց կայացրած բոլոր վճիռները բեկանվելու են Եվրոպայի դատարանում. եւ այդ քայլով Դուք մեր պետությունն ազատեցիք մեծ գումարներ վճարելուց: Կկանչեք դրանց ու Ձեր արեւահամ բառով կասեք. ՙԱրա, կարո՛ղ ա գիտեք պետությունը պըտի վճարի Ձեր ղալաթի համար, հեսա… իսկականից… կթքեմ…՚ եւ այլն: Իսկ եթե հանկարծ նրանք հանդգնեն (ինչն անհավանական է) ասել, որ կատարել են այսինչի հրահանգը, Դուք կասեք, որ լավ չէ աշխատանքից հեռացված մարդու ետեւից խոսել:

Ինքս այս ամիսներին որոշ չափով ուսումնասիրել եմ, թե որքան պատիժ էր հասնում թաթար-մոնղոլական համակարգում հրապարակավ Տերունական աղոթքը հնչեցնելու համար: Մեկուկես ամսից լրանում է թաթար-մոնղոլականում ինձ հասանելիք պատժաժամկետի 1/3-ը: Բայց ես գոռոզ չեմ, եւ համաներումս եմ խնդրում` խոստանալով, որ շատ մոտ ապագայում նույն մեծահոգությամբ կվարվեմ Ձեզ հետ, եթե իհարկե դրա հնարավորությունը տրվի Ձեզ:

Եթե անձամբ ինձ համաներեք, Ձեզ մի քանի խելամիտ հուշում կկատարեմ: Օրինակ` Ամանորի առթիվ ՙՏարվա մարդ՚ կոչում շնորհեք մեր երկրի երկրորդ դեմքին, ՙՏարվա մարդանման՚` մեր երկրի նախորդ երկրորդ դեմքին, ՙՏարվա նախամարդ՚` մտերմագույն պատգամավորին, ՙՏարվա մարդակեր՚` արյուներախին, ՙՏարվա թերմարդ՚` Ձեր ցանկացած տեղակալի, ՙՏարվա մարդահաշիվ՚` ցանկացած նախարարի, ՙՏարվա մարդուկ՚` ցանկացած դատավորի, ՙՏարվա տմարդ՚` դրձյալ արյուներախին: Կարող եմ հուշել, որ ՙՀայկական ժամանակին՚ պարտադրեք հանել Ձեր պետական հեղաշրջումը հաջողեցրածների նկարները, որոնց վերեւում գրված էր` ՙՆստելու է այսինչ օրից՚, եւ տպել իմ եւ Համերբերգի նկարները` ՙՓախած են այսինչ օրից՚ վերգրությամբ, մի քանի քաղբանտարկյալի նկար` ՙՆստած են այսինչ օրից, բայց որ ելան` նալելու են՚: Կարող եմ խորհուրդ տալ, օրինակ, որ Ձեր բարձրաճաշակությունը հասարակությանն ի ցույց դնելու համար, արեւելյան օրացույցով նոր կենդանակերպի սկսման օրն իսկ ԱԺ նախագահին փոխարինեք համապատասխան ՙեզ՚, ՙցուլ՚ կամ ծայրահեղ դեպքում` ՙերինջ՚ մականվամբ որեւէ մեկով (թեեւ նույն գետը երկու անգամ չեն մտնում, գետը Ադրբեջանի կազմը չէ):

Գիտեմ, որ վերոնշյալ մահացու մեղսաշարս ներելն անհնար է, սակայն կարծում եմ` ես վաստակեցի իմ համաներումը, տարոսը Ձեր օրհնությամբ արգելափակված իմ եղբայրներին: Շնորհավոր Ամանոր:

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

PEACE FOUNDATION

Սիրելի բարեկա՛մ.
Քո յուրաքանչյուր ներդրում կնպաստի ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՆԸ և ԱՇԽԱՐՀԻ ժողովուրդների հետ զուգընթաց զարգացմանը: Միասին ստեղծենք ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ:
DEAR FRIEND. Your each investment will contribute to peace strenghtening in Armenia, Caucasian House and to the development together with all people of the world. Let us form together a school of democracy. Our account is…"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" AEB 163007111491

Արխիվ

Տեսաշար

Հյուսիսային պողոտայում 2008թ.

Մարտի 1, 2008թ.

Հյուսիսային պողոտա

More Photos

Blog Stats

  • 4,192 hits
Follow

Get every new post delivered to your Inbox.